ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ  խորհրդակցությունների միջոցով փորձ է արվում որեւէ մոդել գտնել, որպեսզի հնարավորինս երկրին ավելի շատ օգուտ լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ավելացրեց, որ այդտեղ զիջելու խնդիր չկա: Նրա խոսքով` դա քաղաքական լուրջ մոտեցումների ձեւավորում է, հետեւաբար  դեռ խորհրդակցում են, քննարկում են:

Հարցին, թե ե՞րբ կլինի հաջորդ խորհրդակցությունը, Սահակյանն արձագանքեց. «Դա այս պահին հնարավոր չի ասել, որովհետեւ քննարկում ենք: Քննարկում ենք նաեւ տեղերում եւ, երբ որոշակի բաներ լինեն, նորից կհանդիպենք եւ կխոսենք: Այսօր այլեւս հնարավոր չէ, որովհետեւ «Ժառանգությունը» միտինգ է անում»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ Հանրապետական, «Ժառանգություն»  ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ  խորհրդակցությունը ավարտվել է, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԱԺ Ժառանգություն կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:Նրա խոսքով, վերջնական որոշման  չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր: Հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը,  ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, իսկ Ժառանգությունից Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է շտապ խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց.

1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։

2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։

3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։