Թեեւ թուրքական իշխանությունների կողմից հայտրարվել է քրդական հարցի կարգավորում եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունների դրական ընթացքի մասին, թուրքական օդուժը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների դեմ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ այն օրերին, երբ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը նախատեսել է այցելել Հյուսիսային Իրաք, թուրքական F-16 կործանիչները վերջին շրջանի ամենամեծ գործողություններն են սկսել Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում, որտեղ որ հիմնականում գտնվում են PKK-ի ղեկավար կազմն ու ճամբարները։
Նշվում է, որ միայն փետրվարի 27-ին, 15 կործանիչներ 7 ժամ շարունակ ծանր ռմբակոծության են ենթարկել PKK-ի ճամբարները։
Քրդական Firat գործակալությունը հայտնում է, որ վերջին ռմբակոծության հետեւանքով մահացել է PKK-ի 4 զինյալ, իսկ տարեսկզբից այս կողմ ռմբակոծության հետեւանքով մահացածների թիվը հասել է 11-ի։




























