Փետրվարի 27-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժինների պետերն ու տեղակալները, քննության առնվեց մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, դրանց բացահայտման ընթացքն ու արդյունքները:

Հունան Պողոսյանը նշել է, որ պայքարը բնակարանային գողությունների դեմ, ինչպես եւ դրանց բացահայտման գործընթացը դեռեւս սպասվող արդյունքներ չեն տալիս եւ հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքները, ինչպես եւ բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործությունները հնարավորինս արագ եւ ամբողջական բացահայտելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: