Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքը վարում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Իր ներածական խոսքում նա հայտարարել է, թե վերջին օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերից պարզ դարձավ, որ «մենք ապրում ենք այլ Հայաստանում»:
Այժմ ելույթ են ունենում ընդդիմության երիտասարդ ակտիվիստները:
Հանրահավաքին հրապարակվել է «Ժառանգություն» կուսակցության ուղերձը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում ասվում է, թե «խաղաղ հեղափոխությունը շարունակվելու է միայն սահմանադրական մեթոդներով, սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի նա հրաման ստանա ուժ կիրառելու: «Հարգելով ձեզ եւ ձեր ավանդը արցախյան պատերազմում` կոչ ենք անում որեւէ դեպքում չենթարկվել նման հրամանների եւ բնակչության դեմ չօգտագործել բանակին` Հաղթանակած բանակին»:




























