Վրաստանում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ ահաբեկչության փորձի համար դատապարտված Վլադիմիր Հարությունյանի գործը չի վերանայվելու: Նման պատասխան է ստացել նրա մայրը` Անժելա Հարությունյանը արդարադատության նախարարությունից: Մայրն այդ մասին հայտնել է այսօր կայացած ասուլիսում:
«Նամակում ասվում է, թե տվյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, եւ այսօրվա դրությամբ որեւէ նոր հանգամանք չկա, հետեւաբար գործը չի վերանայվելու»,- ասել է Անժելա Հարությունյանն ու հավելել. «Իմ որդին անմեղ է, եւ նա ոչ մի վատ բան չի արել Վրաստանի համար.. Նա չի ծախել Վրաստանը ոչ Ամերիկային, ոչ Ռուսաստանին»:
Վլադիմիր Հարությունյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2005թ. մայիսին Ջորջ Բուշի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Ելույթի ժամանակ անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք էր նետել նախագահական ամբիոնի առջեւ: Նրան լուսանկարել էր լեհ լուսանկարիչը, եւ ավելի ուշ պարզել էին ինքնությունը: Հուլիսի 20-ին հատուկ գործողության ժամանակ Հարությունյանը դիմադրություն էր ցույց տվել` սպանելով Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժնի պետ Զուրաբ Կվլիկաձեին: Հարությունյանն ընդունել էր իր մեղքը եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:




























