Ադրբեջանում հետապնդվող գրող, «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին մտադիր է լքել Ադրբեջանը` ճնշումների պատճառով եւ մշտական բնակություն հաստատել Թուրքիայում: Այս մասին Այլիսլին հայտնել է թուրքական լրատվամիջոցներին:
«Ադրբեջանում շատ բան տեղի ունեցավ, իմ ստեղծագործությունները հանեցին տպագրությունից, թատրոններից: Եթե որոշում ընդունեմ լքել երկիրը, ապա կմեկնեմ Թուրքիա: Այդ երկիրը միակ վայրն է Ադրբեջանից հետո, որտես ես ինձ լավ կզգամ: Բայց պետք է, որ ինձ հրավիրեն»,-ասել է Այլիսլին, հաղորդում է 1news.az-ը:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» վեպը գրվել էր դեռ 2006-ին, 2012թ. ռուսերենով հրատարակվել էր «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում: Հեղինակն ինքն էր թարգմանելկ ռուսերեն: Այլիսլիի խոսքով՝ մայրենի լեզվով հրատարակությունը պետք է լույս տեսներ մոտ ժամանակներում:
Ստեղծագործությունն Ադրբեջանում վրդովմունքի ալիք էր առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերներին բարկացրել էր հայերին պատկերող կարեկցող տոնը: Նրան արդեն զրկել են «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից: Գրողի կինն ու որդին հեռացվել են աշխատանքից: Քննարկվում է նրան նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:
Ավելին, Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսիլիի սկանդալային գրքի շուրջ կրքերը միջնադարն են հիշեցնում: «Ժամանակակից մուսավաթ» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կպարգեւատրեն գրողի ականջը կտրողին:




























