Հայաստանի մի շարք համայնքներում առկա է գարնանային հեղեղումների լուրջ վտանգ: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված տեղեկանքում:

Մասնավորապես` Ազատավան համայնքի (5-րդ սահմանային ուղեկալին հարակից) տարածքում սահմանային փշալարերից ներս գտնվող Ազատ գետի կամուրջը վթարային վիճակում է եւ այն չվերակառուցելու դեպքում կարող է փլուզվել: Բացի այդ, կամրջի թողունակությունը բավականին փոքրացել է, ինչի հետեւանքով գարնանային վարարումների ժամանակ Ազատ գետի հեղեղաջրերն ողողում են հարակից տարածքները՝ խաթարելով սահմանապահների բնականոն ծառայությունը:

Փշատավան համայնքի տարածքում Արաքս գետի ափի շուրջ 100 մ երկարությամբ հատվածը վթարային վիճակում է եւ այն չամրացնելու դեպքում առկա է սահմանամերձ տարածքի ու հողերի ողողման, ինչպես նաեւ ափապաշտպան արգելաթմբի քանդման վտանգ:

Մոտավորապես նույն վիճակն է Արաքսի ափի մեկ այլ գյուղում` Ալվանքում: Հեղեղումների վտանգ կա ընդհանուր առմամբ մոտ 14 տեղամասերում` Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում:

Հակահեղեղային միջոցառումների համար ՀՀ կառավարությունը փետրվարի 28-ին գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց 680 մլն դրամ: