Մարտի 1-ը միասնականության օր է, զոհերի հիշատակը հարգելու օր է եւ այդ օրը քաղաքական մեկնաբանություններն ավելորդ են։  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով հարցին, թե կմիանա՞ն արդյոք ՀԱԿ-ի անդամները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից վաղը կայանալիք, մարտի 1-ի տարելիցին նվիրված սգո միջոցառմանը, քան որ Հովհաննիսյանը փոխել է նախապես հայտարարած ժամը։

«Վաղը ժամը 16։30-ին Սբ. Սարգիս եկեղեցում կանցկացվի պատարագ՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի, որից հետո ծաղիկներ կդրվեն Ալ. Մյասնիկյանի արձանին։ Մեր դիրքորոշման մեջ մրցակցություն, մեկը մյուսից առաջ ընկնելու քաղաքական որեւէ դրդապատճառ չկա։ Ովքեր կգնան Ազատության հրապարակ, ամբողջությամբ ճիշտ կլինեն, ովքեր կգնան Սբ Սարգիս՝  բոլորը ճիշտ են, ովքեր կգնան ծաղիկներ դնելու՝ նույնպես ճիշտ են»,- ասաց Ա. Մանուկյանը։

Նա նաեւ նշեց, որ «մարտի 1»-ը «զոռբայության, ահաբեկչության եւ կրակողների դեմ պայքարի օր է, եւ մենք լռությամբ կատարելու ենք հիշատակի մեր արարողությունը»։  

Նշենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմել էին քաղաքապետարան` ժամը 17-ից 19:45-ն ընկած ժամանակահատվածում միջոցառման անցկացման մասին: Նույն օրը Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ պիտի անցկացներ նաեւ ՀԱԿ-ը, բայց հետո որոշել էին միանալ Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպվելիք ակցիային եւ չեղյալ էին հայտարարել իրենց հանրահավաքն ու երթը: