Հայաստանի Ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն՝ երկրի բնակավայրերում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ, հաղորդում է ճանապարհային ոստիկանությունը:

Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման այն վայրերում, որտեղ ճանապարհի թողունակությունը, երթեւեկության ինտենսիվությունը եւ անվտանգության ապահովման պայմանները թույլ են տալիս ճանապարհային նշանների տեղադրման միջոցով սահմանել Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն, արդեն իսկ տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես. Երեւան քաղաքի Սարալանջի նոր ճանապարհին (70 կմ/ժ), Ծովակալ Իսակովի (80 կմ/ժ) եւ Արշակունյաց (70 կմ/ժ) պողոտաներում, Թբիլիսյան խճուղում (80 կմ/ժ) եւ Աճառյան փողոցում (80 կմ/ժ):

Այն վայրերում, որտեղ ճանապարհային նշաններով սահմանված է Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ցածր թույլատրելի արագություն (Երեւան քաղաքի Ռուբինյանց եւ Արտաշիսյան փողոցներ` 40 կմ/ժ, Էջմիածին քաղաք` 40 կմ/ժ, Ապարան եւ Դիլիջան քաղաքներ`  50 կմ/ժ, Երեւան-Սեւան ավտոճանապարհ` 70 կմ/ժ), հարկ է նշել, որ այդ արագությունները սահմանված են եղել մինչեւ արագաչափ սարքերի տեղադրումը եւ պայմանավորված են ճանապարհների տվյալ հատվածների` ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու հանգամանքով, իսկ Բագրատաշենի մաքսակետի տարածքում 20 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանելը պայմանավորված է միջազգային նորմերով մաքսակետերի եւ մաքսատների տարածքներում երթեւեկության համար սահմանված կանոններով: Նշված վայրերում արագաչափ սարքեր տեղադրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած սահմանված ցածր արագություններին, պատահարների վիճակագրությունը փաստում էր, որ այդ ճանապարհային նշանների պահանջը վարորդների մեծամասնության կողմից ուղղակի անտեսվում է:

Տեղեկացնում ենք նաեւ, որ հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ու պատգամավորների մտահոգությունն ու առաջարկությունները` ներկայումս կրկին կատարվում են ուսումնասիրություններ հնարավոր այլ վայրերում եւս Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ տեղադրելու նպատակով:

Միաժամանակ իրազեկում ենք, որ արագաչափ սարքերի եւ տեսախցիկների տեղադրումն արդեն իսկ տվել է դրական արդյունք պատահարների հետեւանքով զոհերի թվի նվազման առումով:

2012 թվականին Երեւան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 1031 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 63, վիրավորվել 1306 մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների քանակն աճել է 15-ով, զոհերի թիվը` նվազել 29-ով, վիրավորներինը` 42-ով:

Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ եւս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ասել էր. «Արդյոք Երեւանում եւ Երեւանից դուրս տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ճի՞շտ տեղերում են, արդյոք ճի՞շտ արագություններ են սահմանվել, արդյոք վարորդները չափազանց մեծ տուգանքներ չե՞ն վճարում: Որքանո՞վ է ճիշտ, որ Մասիվի, Սեւանի տրասայի վրա 80 կմ/ժամից ավելի հնարավոր չէ: Արագաչափերի մոտ դանդաղ են քշում, անցնելուց հետո արագացնում են: Պետք է մարդկանց բացատրել, որ չկա սուբյեկտիվիզմ»: