Հայաստանում պետք է վերջ դրվի քաղաքական ցնցումների փուլին: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք կողմ ենք խաղաղ քաղաքական գործընթացներին: Կարծում ենք եւ վստահ ենք, որ Հայաստանում քաղաքական ցնցումների ժամանակաշրջանին պետք է վերջ դրվի»,-ասաց նա` հավելելով, որ ոչ մի երկրի չի հաջողվել ցնցումներով զարգացում ապահովել:

Շարմազանովի ներկայացմամբ` երկրում, որտեղ եղել է տնտեսական ճգնաժամ, որի հետեւանքով տնտեսական անկումը կազմել է 15 տոկոս, որտեղ կա սոցիալական բեւեռացում, որտեղ բնակչության 35 տոկոսն աղքատ է, բնական է, որ կլինի դժգոհություն: «Ապահով հայաստանի մեր ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի տարեցտարի ժողովրդի վիճակը բարելավվի»,-ընդգծեց ՀՀԿ մամուլի խոսնակը, նշելով, որ ժողովուրդն իրավունք ունի ընտրել, թե որ ուղղությամբ է գնում եւ ՀՀԿ-ի համար կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, այդ թվում նրանց, ովքեր չեն քվեարկել իշխող կուսակցության թեկնածուի օգտին:

«Քաղաքակիրթ Եվրոպայում ընդունված է, որ պարտված թեկնածուն շնորհավորի հաղթած թեկնածուին: Այդպիսին է արեւմտյան մշակույթը, որի ազդեցության տակ դաստիարակվել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասաց նա, ընդգծելով, որ ընտակեղծիքների մասին Հովհաննիսյանի հետընտրական հայտարարություններում միայն զգացմունքներ են եւ ոչ մի ապացույց: