Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը չի պնդելու իր հրաժարականը եւ շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռուբեն Խլղաթյանը, ով Ռուբեն Հայրապետյանի խնամին է:

Մեր հարցին, թե հիմա պնդելո՞ւ եք ձեր հրաժարականը, թե՞ չուզելով աշխատելու եք, նա պատասխանեց. «Գտնում եմ, որ ձեր տված հարցը կոռեկտ չէ: Եւ ընդհանուր առմամբ` Կառավարության ցանկացած որոշում ինձ համար ընդունելի որոշում է»: Քաղաքապետը հավելեց, որ իհարկե շարունակելու է աշխատել:

Թե ինչու չընդունվեց Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը, ՀՀԿ-ից խորհուրդ տվեցին դիմել Կառավարությանը: Իսկ Կառավարությունն այն չընդունելիս պատճառաբանել էր, թե Արմավիրի քաղաքապետն ընտրվել է իր պաշտոնում 2011 թ. մարտի 20-ին (դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը), հետեւաբար, ունի ստանձնած պարտավորություններ եւ ներգրավված է տարբեր համայնքային (եւ ոչ միայն) ծրագրերում: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի բացատրության՝ աշխատանքային կարգով ճշտվել են դիմում ներկայացնելու դրդապատճառները, արդյունքները համադրվել են դիմումը ներկայացնելուց հետո քաղաքապետի կողմից արված հրապարակային հայտարարությունների հետ, ինչի արդյունքում եզրահանգվել է, որ հրաժարական տալու դրդապատճառները չեն թղթակցվում վերջինիս պաշտոնեական պարտականությունների եւ համայնքի ղեկավարի լիազորությունների հետ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարականները չպետք է ընդունել քաղաքական դրդապատճառներով, այլ պետք է հաշվի առնել կատարված աշխատանքը:

Ստացվում է, որ Շիրակում Սերժ Սարգսյանի քիչ ստացած ձայների պատճառով հրաժարականի դիմում ներկայացրած մարզպետ Աշոտ Գիզիրյանի դեպքում դիմումը ընդունվել է` հաշվի առնելով ոչ թե քաղաքական դրդապատճառները, այլ կատարված աշխատանքը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետն այսպես էր բացատրել իր հրաժարականի պատճառները: «Դա  բացառապես իմ անձնական որոշումն է: Հաշվի առնելով ընտրությունների արդյունքները` ես  համարում եմ, որ  այս դեպքում  իմ կողմից  հրաժարական ներկայացնելը պարզապես  բարոյական քայլ է:  Հարկադրանքի կամ, ինչպես մամուլում շրջանառվում է,  «պատժելու» մասին այստեղ խոսք  անգամ լինել չի կարող: Այն, որ լինելով ՀՀԿ անդամ, իմ ղեկավարած  քաղաքում ՀՀԿ թեկնածուն  անհրաժեշտ ձայներ չի ստանում, համարում եմ նաեւ իմ թերացումը»: