Ապրիլի 9-ին իշխանությունը պետք է հրաժարական տա անկախ նրանից, թե ով է ընտրվել. դա առնվազն նշանակում է, որ իշխանությունը պետք է այնպես անի, որ արդարացի բողոքի ելած ժողովուրդը վերջնականապես տեսնի, որ այսօր դեռ գործող նախագահը պատրաստ է  հրաժարական տալով հրաժարվել այդ քաղաքականությունից: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա կարծիք հայտնեց, որ իշխանությունը բաց ֆորմատով նաեւ պետք է ցույց տա, որ նոր կառավարության ձեւավորումը պետք է տեղի ունենա այն ուժերի մասնակցությամբ եւ առաջարկություններով, որոնք այսօր հավաքել են ավելի շատ քվե, քան` գործող նախագահը:

Լարիսա Ալավերդյանը ցավում է, որ շատ անգամ ապացուցողական հիմքերը իրավական ճանապարհով չեն կարողանում տեղ հասցնել:

Նա նշեց, որ 2012-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ոչ միասնականության արդյունքում ունեցանք կրկին այն խորհրդարանը, որը չի արտահայտում ժողովրդի կամքը: Ըստ Ալավերդյանի, եթե կա քաղաքական կամք, Սերժ Սարգսյանը որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար, կարող է այս ԱԺ-ն լուծարելու որոշում կայացնել եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հավելելով, որ իշխանությունը պատվավոր քվե ունենալու ներուժ ունի:

Ի դեպ, Լարիսա Ալավերդյանին դուր է գալիս իր ընդդիմադիր կեցվածքը: «Առիթ ունեցել եմ ասելու, որ եթե «Ժառանգությունը» գա իշխանության, ես էլի մնամ ընդդիմություն: Ես ինձ տեսնում եմ ժողովրդի կողքին կանգնած քաղաքացու դերում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am