Դիարբեքիրի օդուժերի 2-րդ զինվորական դատարանում տեղի է ունեցել 2011-ի ապրիլի 24-ին ծառայության ժամանակ մեկ այլ զինվորի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչի գործով հերթական դատավարությունը, որի ժամանակ մեղադրող կողմը ներկայացրել է պահանջվող պատժաչափը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանը հրաժարվել է բավարարել Սեւակի ընտանիքի փաստաբանի պահանջը՝ ընդլայնել հետաքննությունը, որից հետո դատարանը խոսքը փոխանցել է դատախազին։
Իր խոսքում դատախազը հայտնել է, թե ուսումնասիրության ընթացքում պարզվել է, թե կասկածյալի եւ Սեւակի միջեւ որեւէ հակասություն չի հայտնաբերվել եւ ապացույցներ չկան, թե Քվանչ Աղաօղլուն դիտմամբ է սպանել Սեւակին։ Դատախազը Քվանչ Աղաօղլուի համար պահանջել է 2-ից 6 տարի ազատազրկում՝ անփության հետեւանքով մարդ սպանելու համար։ Մեղադրող կողմը նաեւ պահանջել է նույն զորամասի ենթասպա Սադրեթին Էրսոզի համար 6 ամսից մինչեւ 2 տարի ազատազրկում՝ պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար։
Դատախազի ելույթին արձագանքել է Սեւակի մայրը՝ Անի Բալըքչըն՝ բողոքելով նման ծիծաղելի մեղադրանքի համար՝ շեշտելով, թե ցանկանում է, որ իր երկրում արդարության հասնի եւ չփորձի այն դրսում փնտրել։ Անի Բալըքչըն ասել է, թե արդեն հայտնի, որ նման դեպքերում հանցագործները չեն պատժվում, ինչը ենթադրում է, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվելու են։
Դատարանը հետաձգել է նիստը՝ հաջորդ անգամ լսելու կողմերի արձագանքը դատախազի պահանջի վերաբերյալ։
Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։




























