«Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով` մոտ ապագայում կուսակցությունում խորհրդակցություն կանցկացվի, որտեղ կհաստատվի ինչպես իրենց համամասնական ցուցակը, այնպես էլ այն գլխավորողի անունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար ռուբեն Հակոբյանը հայտեց, որ իրենց կուսակցությունում դեռ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը չի քննարկվել: «Կարծում եմ, որ մենք կմասնակցենք, սակայն դեռ այդ հարցը չի քննարկվել: Մոտ օրերս մենք կհայտնենք մեր որոշման մասին»,-ասաց նա:

ՀՅՑ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս նշեց, որ ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը դեռ չի քննարկել: «Կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում մոտակա օրերին: Իհարկե, ժամկետները սեղմում են եւ արդեն մարտի 11-ից պետք է ներկայացվեն ցուցակները: Վստահ եմ, որ մոտ օրերս կհայտնենք մեր որոշման մասին»:

Նրա խոսքով` այդ ընտրություններին իրենց մասնակցությունը կախված է ներքաղաքական իրադարձությունների ընթացքից: «Ես ճիշտ եմ համարում միասնական մասնակցությունն այդ ընտրություններին: Նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ քաղաքական ուժերի միացումը տալիս է իր պտուղները: Կհաջողվի՞ հասնել դրան, թե` ոչ, ես չգիտեմ»,-ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am