2008թ. մարտի 1-ին տեղի ունեցան բախումներ, եղան զոհեր, համապատասխան մարմինները զբաղվեցին դրանով եւ համապատասխան անձինք դատապարտվեցին: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում ասել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ցավակցություն հայտնելով 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

«Ես ոչ դատավոր եմ, ոչ էլ դատախազ եւ որեւէ մեկին մեղադրել չեմ կարող: Եղել են բախումներ, եղել են նաեւ զոհեր: Դրանով զբաղվել են համապատասխան մարմինները, համապատասխան մարդիկ դատապարտվել են:  Միգուցե դատապարտվածների թիվը բավարար չէ, միգուցե այդ պատճառով են մինչ օրս եղած դժգոհությունները, սակայն դա այլ հարց է»,–հայտնել է Բիշարյանը` պատասխանելով հարցին, թե ում է  մեղավոր համարում մարտի 1-ի իրադարձություններում:

Ի պատասխան հարցին, թե ո՞վ է դատապարտվել մարտի 1-ի իրադարձությունների համար, Բիշարյանը նշել է. «Ո՞վ է այսօր դատապարտված եւ  բանտում նստած»: Սակայն հստակեցնող հարցին, թե արդյոք այդ մարդիկ դատապարտվել են 10 մարդու մահվան համար,  Բիշարյանը ներողություն է խնդրել եւ խնդրել կրկնել հարցը: «Նրանք դատապարտված են այնքանով, որքանով մենք գաղափար ունենք կատարվածի մասին: Հնարավոր է իմ խոսքերն ուղղակի են ընկալվել, եւ եթե այդպես է, դրանք հետ եմ վերցնում: Ավելին ոչինչ ասել չեմ կարող: Սակայն մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի մեղավորները պատժվեն»,- նշել է Բիշարյանը: