Թիկնապահներից հրաժարված Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ ահաբեկչություն է նախապատրաստվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից Իրակլի Ծերեթելին:

«Վերսիա» թերթի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ  այդ մասին տեղեկացել է ներկայումս Վրաստանում չբնակվող իր երկու ընկերներից: Ըստ այդ տեղեկության` ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ քրեական տարրերն ահաբեկչություն են նախապատրաստում: «Գործողությունը նաեւ անուն ունի՝ «Գադյուկա», որի իրականացումը նախատեսվում է մինչեւ մայիսի 26-ը… Չեմ բացառում, որ այս տեղեկությունները սուտ են, սակայն անհրաժեշտ եմ համարում դրանք հրապարակել»,- ասել է Ծերեթելին:

«Նախագահի ֆիզիկական ոչնչացումը լուրջ հարված է ցանկացած երկրի  հեղինակությանը: Հնարավոր է` ահաբեկչության մասին տեղյակ է նաեւ Բիձինա Իվանիշվիլին, թեեւ դա նրա շահերից չի բխում, քանի որ կատարվածում կմեղադրեն հենց իրեն», - հայտնել է Ծերեթելին, հաղորդում է  «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին հրաժարվել էր Պետական պահպանության ծառայությունից, երբ դրա ղեկավար էր նշանակվել վարչապետ Իվանիշվիլիի անձնական թիկնազորի ղեկավարը, իսկ նախագահին մեղադրել էին իր անվտանգության համար միլիոններ ծախսելու մեջ: Նա տեղաշարժվում է իր էլեկտրամոբիլով: