Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունները երկրում ստեղծված իրողությունները չհասկանալու արդյունք են: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` Աբրահամյանի ասածի տրամաբանությունը «Ժառանգություն» կուսակցությանը կառավարությունում տեղեր հատկացնելն էր եւ կուսակցությունը դա խելամիտ «առաջարկություն» չի համարում: Հակոբյանը նաեւ նշեց, որ այս պահին էլ իշխանության թիմում կան պրոֆեսիոնալներ, որոնք, սակայն, չեն կարող աշխատել երկրում առկա համակարգի պատճառով:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունները չեն գիտակցում երկրում առկա իրավիճակը եւ համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: «Ժառանգությունում» շատ լավ գիտեն, թե ինչպես ստանան 1-2 նախարարական պորտֆել, բայց մենք մտադիր չենք գնալ այդ ճանապարհով, քանի որ կուսակցության նպատակը երկրում իրական համակարգային փոփոխությունների հասնելն է»,-ընդգծեց ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին զուգահեռ անցկացրեց 2008 թվականի հետ, նշելով, որ այն ժամանակ ընդդիմադիր ուժերից մեկը` ՕԵԿ-ը, կառավարությունում տեղեր ունենալու համար գործարքի գնաց իշխանությունների հետ` դառնալով ընտրակեղծիքների, խախտումների եւ անօրինականությունների համահեղինակ:
Անդրադառնալով ԱԺ նախագահի առաջարկներին, Փոստանջյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը ձգտում է իրենց ընտրությունների ժամանակ կատարված հանցագործությունների մասնակից դարձնել: «Նրանք գողացել են ժողովրդի ձայնը, դա գողություն է, հանցագործություն: Մենք հիմա հետապնդում ենք գողին եւ այս անգամ նրան չի հաջողվի թաքնվել: Կեղծարարը պետք է հրաժարական տա»,-ընդգծեց նա:




























