Ապրիլի 22-24-ին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը:
Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են շուրջ 30 երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ:
Նախարար Հ. Հակոբյանը կարեւորել է համաժողովի անցկացման փաստն ու նպատակը, հանգամանքը, որ համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումների միջոցով բարձրաձայնվելու են համահայկական նշանակության հիմնախնդիրները, առաջադրվելու են դրանց նոր լուծումները: «Մենք պետք է մշտապես ոգեւորենք ու արթուն պահենք Սփյուռքը, կոչ անենք դեպի արմատներին վերադառնալ, հակառակ պարագայում կարագացնենք ուծացման գործընթացները»,-ասել է նա եւ եւս մեկ անգամ ներկայացրել այն օբյեկտիվ պատճառներն ու հանգամանքները, որոնք սպառնում են հայկականությանը, հայ մնալուն: «Համաշխարհայնացումը կլանում է ազգությամբ հայ երիտասարդներին, նրանք կուլ են գնում այն հասարակությանը, որում ապրում են: Երիտասարդը հայ կմեծանա այն դեպքում, երբ Հայրենիքն իրական է տեսնում: Այս գործում կարեւոր են երկու հանգամանք՝ այցելություն Հայաստան եւ հպարտության արժանի հայորդիների օրինակների առկայություն»,-ասել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են մի շարք գաղափարական հարցադրումներ, որոնցով կհստակեցվի համաժողովի օրակարգն ու ծրագիրը, կազմակերպչական հարցեր:
Հանդիպման ավարտին որոշվել է առանձնացնել համեմատաբար փոքր խմբեր, որոնք կքննարկեն եւ կկանոնակարգեն համաժողովի առանձին բաժինների աշխատանքը:




























