Դեպի Հայաստան ճանապարհորդությունը դեռ դժվար է, պետք է ազատականացնել օդափոխադրումները: Այդ մասին այսօր` մարտի 1-ին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը` ելույթ ունենալով Երեւանում բացված CTS զբոսաշրջային ցուցահանդեսում: Նրա խոսքով` Հայաստանում զբոսաշրջությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի, եւ USAID-ն իրականացնում է զբոսավարների կարողությունները բարձրացնող ծրագիր:

Նշենք, որ Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում այսօր` մարտի 1-ին  մեկնարկեց տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպպություններ, մեծամասամբ` ՀՀ մարզերից: Սպասվում են այցելուներ Վրաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ այլ երկրներից:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը բացման արարողության ժամանակ նշեց, որ այս տարի մասնակիցների քանակը զգալի ավելացել է, ընդլայնվել է նրանց աշխարհագրությունը: «Ոլորտը անշրջելի զարգացման փուլում է»,- հայտարարեց փոխնախարարը: