Հաջորդ շաբաթվա առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ կանի եւ որոշում կկայացնի` Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ավելի հավանական է մասնակցե՞ք ավագանու ընտրություններին, թե` ոչ, նա պատասխանեց. «Ես ունեմ իմ անձնական տեսակետը, բայց քանի որ որեւէ ֆորմատով դեռեւս քննարկում չի եղել, ձեռնպահ կմնամ իմ դիրքորոշումն ասել»:
Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ԲՀԿ համամասնական ցուցակն ավագանու ընտրություններին կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը` պատգամավորը նշեց, որ ինքը չի ցանկանում դառնալ Երեւանի քաղաքապետ եւ կարծում է, որ ինքն իր գործը վատ չի կատարում` որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ: «Կուսակցությունում որեւէ քննարկում չի եղել, եւ այս պահին որեւէ անուն շրջանառության մեջ դնելը կարծում եմ` ճիշտ չէ»,- նշեց նա:
Հարցին, թե եթե կուսակցությունը որոշի, որ Դուք ղեկավարեք կուսակցության ցուցակը, կհամաձայնե՞ք, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ իր չսիրած կատեգորիան «եթե»-ներն են:
Նշենք, ոչ փետրվարի 28-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին որոշում է ընդունվել, որ ՀՀԿ համամասնական ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններին կղեկավարի Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




























