Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` մարտի 1-ի, առավոտյան հավաքվել էին մի խումբ երիտասարդներ: Ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ երիտասարդները անցկացրին լուռ ակցիա` կապված 2008թ մարտի 1-ի ողբերգական դեպքերի 5-ամյա տարելիցի հետ: Ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ի մոտից շարժվեցին Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղից էլ գնան Մյասնիկյանի արձանի մոտ` ծաղիկներ դնելու եւ հարգելու 10 զոհերի հիշատակը:

Նշենք, որ փետրվարի 25-ից Երեւանի գլխավոր բուհերի մոտ հավաքվում են երիտասարդներ եւ իրենց դժգոհությունն են հայտնում նախագահական ընտրությունների արդյունքներից: Նրանք կոչ են անում ուսանողներին դասադուլ անել եւ միանալ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի «բարեւի» հեղափոխությանը: Ակցիաների ժամանակ գրանցվել են բազմաթիվ միջադեպեր համալսարանների ղեկավարության, ուսանողների, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: