Թբիլիսիում փետրվարի 26-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կազմակերպած «Ազգային բազմազանություն՝ ներդաշնակ զարգացման համար» կոնֆերանսի շրջանակում վրացահայերի արդիական խնդիրներ են բարձրացվել: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Ըստ նրա՝ կոնֆերանսին մասնակցել են հայերի, ադրբեջանցիների եւ Վրաստանի ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, համայնքներից յուրաքանչյուրն իր համար առավել արդիական հարցեր է բարձրացրել:
«Հիմնականում դրանք վերաբերել են կրթական համակարգին: Կրթական բարեփոխումներից հետո 2005 – 2007թթ. դպրոցներն անցան վաուչերային համակարգի` որքան շատ աշակերտներ, այնքան շատ ֆինանսներ», - նշել է փորձգետը: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ համակարգը չի գործում ազգային փոքրամասնությունների դեպքում. «Քիչ սովորողներ, քիչ ֆինանսական խնդիրներ»:
Վրացագետը նաեւ հայտնել է, որ կոնֆերանսի ընթացքում բարձրացվել են նաեւ գյուղատնտեսական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: «Վրաստանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների մի մասը հողագործությամբ են զբաղվում, սակայն այդ աշխատանքների ժամանակ բախվում են տեխնիկական խնդիրների:
Ըստ Ջոննի Մելիքյանի` կոնֆերանսին նեկա են եղել նաեւ Վրաստանի Հայ առաքելական թեմի առաջնորդը եւ նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: «Իր ճառում վարչապետը քննադատել է նախկին վարչակարգը եւ նշել, որ իրենց բազմիցս վախեցրել են Չախալյանով, սակայն նա այստեղ է եւ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում», - ամփոփել է Մելիքյանը:




























