Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ: 2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, եւ բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ: Հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը քննարկվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը, որից անմիջապես հետո մեկնարկել էր գործընթացը, եւ արդյունքն արդեն առկա է:
Անդամակցությունը հնարավորություն է տալիս ԵՃՇՊՀ-ին միանալ Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքին, ինչպես նաեւ գիտաժողովներում եւ պաշտոնական հաղորդագրություններում հանդես գալ որպես կազմակերպության անդամ: Անդամակցության շնորհիվ ԵՃՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին ու սեմինարներին արտոնյալ պայմաններով մասնակցելու հնարավորություն՝ ընդլայնելով միջազգային կապերի ու գիտական գործունեության շրջանակը:




























