Վերջին 1.5 տարում հյուրանոցների առցանց ամրագրման համակարգերը Հայաստանում զգալի աճ են արձանագրել: Մարտի 1-ին Երեւանում բացված CTS զբոսաշրջային ցուցահանդեսում արդեն 2 ընկերություն առաջարկում է ամրագրումների առցանց հնարավորություն: Նշենք, որ հյուրանոցների առցանց ամրագրման ծառայություն Հայաստանում գործում է 2011 թ. մարտից:

«Արմհոթելս» ընկերության (armhotels.am համակարգ) ներկայացուցիչ Ս. Իսահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առցանց ամրագրումները զգալի ավելացել են, armhotels.am-ը 150-ից ավելի հյուրանոցների ամրագրման հնարավորություն է տալիս` Հայաստանում եւ ԼՂՀ-ում: «Հյուրերը կարող են մտնել կայք, հաշիվ բացել գաղտնաբառով, մեյլով ստանալ թույլտվություն, ցանցում կատարել ամրագրում եւ վայրկյանական ստանալ հաստատումը: Վաուչերը ստանում են մեյլով, կարող են գալ առանց որեւէ ավելորդ զանգերի»,- ասաց Ս. Իսահակյանը:

Նրա խոսքով` առցանց ամրագրման ժամանակ զբոսաշրջիկը ոչինչ չի կորցնում` ամրագրումը կատարվում է հյուրանոցի գնով: Ս. Իսահակյանն ասաց, որ առցանց ամրագրումից շատ են օգտվում եվրոպական երկրների զբոսաշրջիկները: Ամսական նվազագույնը 100-110 մարդ ամրագրվում է:

«Սիրով» ճամփորդական ընկերության (hotel.am) տնօրեն Լիլիթ Գեւորգյանն ասաց, որ առցանց ամրագրումից հիմնականում օգտվում են արտասահմանցիները, ամսվա կտրվածքով 20-50 ամրագրում է տեղի ունենում: Հայաստանցիներն ավելի նախընտրում են գրասենյակ այցելել, կամ զանգել: Առցանց ամրագրման դեպքում գործում են զեղչեր: Ըստ Լ. Գեւորգյանի` առաջիկայում կստեղծվի նաեւ էլեկտրոնային վճարման հնարավորություն: