Փետրվարի 11-ին Նյու Յորքում անցկացվել է «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին «Ֆլեթչեր» ակումբը եւ «Սենչըրի» հիմնադրամը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, քննարկումներին մասնակցել են միջազգային իրավունքի եւ հարաբերություն-ների մասնագետներ, Նյու Յորքի գործարար եւ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսներն են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի մոտեցումների մասին: Այս առթիվ նշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ դրանց դրույթների կատարումն ակնկալում եւ կարեւորում է ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրությունը: Բանախոսներն իրենց խոսքում անդրադարձել են ՀՀ ՍԴ կայացրած որոշմանը` վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցվածքը խնդրո առարկայի վերաբերյալ եւ կարեւորելով թուրքական կողմի ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը, ինչը տարածաշրջանում կհանգեցնի համագործակցության բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցային ներկա փուլի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:




























