Մոսկվայում հայ դպրոցական Էդիկ Մարկարյանի սպանության գործով քաղաքային դատարանի նիստը հետաձգվել է երկու շաբաթով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 13-ին:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում Էդիկի մայրը` Ալլա Մարկարյանը հայտնել է, որ դատական նիստը հետաձգելու համար առիթ է դարձել այն, որ չի ապահովվել Մամեդովի կամ նրա ներկայացուցչի ներկայությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի աշակերտի կողմից սպանված հայ տղայի մայրը բողոքարկել է նախորդ ատյանի դատարանի գործողությունները, որը իրավաչափ է համարել քրեական գործի դադարեցնելու մասին քննիչի որոշումը:

Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:

Անցած տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: