Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ  Հռոմում «Սիրիայի ընկերների խմբի ընդունած որոշումները քաջալերում են ծայրահեղականներին՝ իշխանությունը ուժով գրավելու հարցում: Այդ մասին ասված է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանությունում:

 «Միջազգային հանրությունն արդեն գիտակցում է, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չի ունենա: Մինչդեռ, ըստ  լուրերի, Հռոմում ընդունված որոշումները եւ հնչած հայտարարություններն ուղղակիորեն խրախուսում են ծայրահեղականներին՝ իշխանությունը ուժով գրավելու համար` անտեսելով այդ ընթացքում շարքային սիրիացիների անխուսափելի տառապանքները», - հայտնել է դիվանագետը:

Մոսկվայում կարծում են, որ այսօր անհետաձգելի խնդիր է արյունահեղության  եւ ցանկացած բռնության անհապաղ դադարեցումը եւ քաղաքական երկխոսություն սկսելը:

«Վստահ ենք, որ հենց դա էլ թույլ կտա իրականացնել սիրիացիների գլխավոր  նպատակները` ապահովել միասնական Սիրիայի խաղաղ եւ ժողովրդավարական զարգացումը` ելնելով  բոլոր քաղաքացիների շահերից», - եզրակացրել է Լուկաշեւիչը, որի խոսքերն է մեջբերում ռուսական արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հռոմում  «Սիրիայի ընկերների» հանդիպման մասնակիցները խոստացել են ավելացնել սիրիական ընդդիմության քաղաքական եւ նյութական աջակցությունը: