«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հկ-ն, անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի մահվան դեպքերին, կրկին կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել դրանց անկախ քննությունը։
2008 թ.-ի մարտի 1-ից հետո անցել է հինգ տարի: Մինչ օրս ոչ ոքի նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել տասը մահվան դեպքերի համար։ Այսօր բացակայում է հանրության վստահությունը քննություն իրականացնող մարմինների հանդեպ՝ քննության թափանցիկության եւ անկախության բացակայության պատճառով։
«ՀՀ իշխանությունները ցույց տվեցին, որ չեն կամենում իրականացնել այս գործի քննությունը, նույնիսկ այն պարագայում, որ հանցագործությունները կատարվել են իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների ներկայությամբ: Իշխանությունները պետք է զեկուցեն հասարակությանը այս ընթացքում ձեռնարկված գործողությունների եւ հանցագործությունների չբացահայտման պատճառի մասին: Մարտի 1-ի հանցագործությունների ստվերը, որն առկա էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարության առաջին հինգ տարիների ընթացքում, կշարունակվի մնալ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում այնքան ժամանակ, քանի դեռ մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:
2008թ.-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերից հետո` 2008թ. մարտի 1-ին իրավապահ մարմինների կողմից ուժի չափից ավելի գործադրումը հանգեցրել էր ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ բազմաթիվ բախումների: Արդյունքում տասը մարդ զոհվեցին եւ երկու հարյուր մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան։ Թեեւ հարուցվել են քրեական գործեր, որոնք ո՛չ կասեցվել են, ո՛չ կարճվել, որեւէ առաջընթաց այդ հարցում չկա. հրազենային վերքերի եւ մարմնական վնասվածքների հանգամանքները մինչ օրս պարզված չեն, իսկ տուժողները հատուցում չեն ստացել:
2011թ. ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քննություն իրականացնելու կարեւորությունը, սակայն հայտարարությանը չհաջորդեցին այս ուղղությամբ որոշակի քայլեր:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) բազմիցս արտահայտել են իրենց մտահոգությունը եւ կրկին կոչ են անում իշխանություններին ապահովել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի անկախ եւ մանրակրկիտ քննությունը, ինչպես նաեւ զոհերի հարազատներին տրամադրել պատշաճ հատուցում։
«Իրական եւ անաչառ արդարադատության վերականգնումը պետք է առաջնահերթություն լինի նախագահ Սարգսյանի համար, ով իր նոր պաշտոնավարությունը սկսում է 2013 թ.-ի փետրվարի 18-ին հանրահավաքների եւ ընտրակեղծիքների մեղադրանքների համատեքստում: Մենք չենք դադարի պահանջել 2008թ.-ի մարտի սպանությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության իրականացում»,-ասել է FIDH-ի Գլխավոր քարտուղար եւ ՔՀԻ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:




























