Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ  այսօր` մարտի 1-ին, կազմակերպել է «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագրի միջանկյալ աշխատաժողովը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել եւ քննարկել ծրագրի ներկա վիճակը, բացահայտումներն ու առաջարկությունները, ինչպես նաեւ,  գործողությունների իրականացման ծրագիրը:

Բացման խոսքով հանդես են եկել  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար  Ռոբերտ Մակարյանը եւ  Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական  Գայանե Նասոյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Download the original attachment» 2011 թվականից սկսած Երեւան քաղաքում կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ: Տոնավաճառի կարեւորության  մասին է վկայում են  այցելուների անընդհատ աճող հոսքը եւ վերջիններիս ու գյուղացիական տնտեսությունների դրական արձագանքները: Տոնավաճառի  կարեւորությունից ու անհրաժեշտությունից  ելնելով ` 2012 թվականին շարունակվեցին Կասյան փողոցի վերին հատվածին հարակից հրապարակում կազմակերպվող տոնավաճառները, միաժամանակ կազմակերպվեցին նաեւ նոր տոնավաճառներ` «Կենտրոն» վարչական շրջանում` «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ եւ «Մալիբու» սրճարանի տարածքում: Ընդհանուր առմամբ 2012 թվականին Երեւան  քաղաքի 3 տարածքներում կազմակերպվել է թվով 97 տոնավաճառ: Միջին հաշվով տոնավաճառներին գրանցվել են 10188 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 409 գյուղական համայնքներ: 2012 թվականին կազմակերպված բոլոր տոնավաճառների ընթացքում իրացվել է շուրջ 2500 տոննա գյուղմթերք»:

Աշխատաժողովին մասնակցում էին գյուղատնտեսական ոլորտում ընդգրկված տարբեր շահագրգիռ կողմերի մոտ 30 ներկայացուցիչներ: ՀՀ Կառավարությունը իրականացնում է միջոցառումներ ուղղված ոչ պատշաճ ինստիտուցիոնալ կարգավորումների եւ գյուղմթերքի բացօթյա շուկաների նախագծման եւ կառավարման կարողությունների պակասի պատճառով  շուկայավարման համակարգի անարդյունավետության վերացմանը:  Այդ միջոցառումների հիմնական նպատակն է ապահովել փոքր ֆերմերների մուտքը շուկա եւ բարելավել մրցունակ գներով քաղաքաբնակ սպառողներին մատակարարվող սննդամթերքի որակը:

Նշենք, որ «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ին: