Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր` մարտի 1-ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գործակալության ներկայացուցիչ, Հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտի հետ:
Վիրժին Արտոտը նախարարին ներկայացրել է ծրագիրը, որ մշակվում է ԵՄ-Հայաստան շարժունակության մասին համագործակցության շրջանակներում, եւ որի իրականացման համար Եվրամիությունը տրամադրել է 3 մլն եվրո: Տիկին Արտոտն ասել է, որ ծրագրի առաքելությունը Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հնարավորությունների ուժեղացումն է, վերաինտեգրմանն ուղղված գործողությունները: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակը, որի միջազգային գործընկերներն են՝ Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի համապատասխան գործակալությունները, իսկ Հայաստանյան գործընկերներն են ՀՀ կառավարության մի շարք գերատեսչություններ: Ծրագրի գործունեության 3 տարիների ընթացքում նախատեսվում է վերաինտեգրման օժանդակության համապարփակ ծրագիր մշակել, որը վերադարձող բոլոր հայ միգրանտների համար ճիշտ տեղեկատվության կապահովի եւ աջակցության հավասար հնարավորություններ կստեղծի:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ողջունել է ծրագրի իրականացումը Հայաստանում՝ տեղեկացնելով, որ հայրենադարձված մեր հայրենակիցները պետության կողմից ստանում են լեզվի վերապատրաստման, առողջապահության, կրթության ոլորտների անհրաժեշտ աջակցություն, համապատասխան խորհրդատվություն: Նախարարը կարեւորել է հայրենադարձների սեփական տուն եւ աշխատանք ունենալու հանգամանքը եւ խորհուրդ տվել ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտին վերաձեւակերպել ծրագրի որոշ դրույթներ եւ գործունեություն ծավալել նաեւ նշված ոլորտներում: Հ. Հակոբյանը նշել է, որ հայրենադարձված սիրիահայերի ինտեգրումը առավել արդյունավետ կլինի, եթե Հայաստանի որեւէ մարզում սիրիահայերի համար կառուցվի բազմաբնակարան շենք: Նման պայմաններում նրանց աշխատանքի եկամուտները առավել հավասարաչափ ու նպատակային կծախսվեն: Մատնանշելով ՀՀ սփյուռքի նախարարության` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ սիրիահայերի համար իրականացված վերապատրաստման ծրագիրն ու բիզնեսի վարկավորումը՝ նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել փոքր ու միջին բիզնեսի ծավալման ու կայացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու հեռանկարին:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր տարբերակների վերաբերյալ, պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել, եւ հստակեցնել անելիքները: Ամփոփելով իր խոսքը, նախարարը հավելել է, որ այս գործում կարեւոր է Սփյուռքի հայկական համայնքներում ծրագրի հնարավորությունների պատշաճ ներկայացումը, որը կապահովեն նախարարության համապատասխան ստորաբաժանումները:




























