Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հերթական անհաջող մահափորձն էին նախապատրաստել «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C)-ի անդամները։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության պետի տեղակալը մի քանի մանրամասներ է հաղորդել Թուրքիայի վարչապետի դեմ հերթական մահափորձի կանխման մասին։ Պարզվել է, որ «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C)-ն Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստել, որը կանխվել է վերջին պահին։
Նշվում է, որ ոստիկանությունը որոշ ժամանակ հետապնդելուց հետո զենքերով հանդերձ ձերբակալել է «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի 6 անդամի։
Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։




























