«Եթե հրազենով մարդ է սպանվում, պետք է հստակ կողմնորոշվել` ում կողմից եք. բոլորն էլ գիտեն, որ այս հանցագործությունների միակ մեղավորը այն ռեժիմն էր տիրում էր 2008-ին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Այս մասին այսօր` մարտի 1-ին, 2008-ի այդ օրը զոհված 10 քաղաքացիների հիշատակին մատուցվող պատարագից առաջ, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Եթե փորձում են այլ մեղսակցություն վերագրել, ապա այդ դեպքում հարցը պետք է ուղղել այդ վերագրողին եւ նրանից նաեւ պատասխան պահանջել` ինչպես է որեւէ մեկի մտքով անցել մեղսակցությունը վերագրել խաղաղ, սահմանադրական իր իրավունքներից օգտվող ընդդիմությանը»,- նշեց նա:
Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ իրենց գործողություններով, այսօր կազմակերպված բոլոր ակցիաներով ցանկանում են բացառել նման բան ապագայում, եւ նա, ով եւս ցանկանում է ապագայում բացառվի նման դեպքերը, պետք է շատ հստակ լինի իր գնահատականների մեջ: Պատգամավորը նշեց, որ «հենց սկսում են լղոզել պատասխանատվությունը, ռեժիմից բացի այլ մեղավոր են փնտրում, դա արդեն շատ ահավոր ուղերձ պետք է լինի, որ հասկանանք` սա ինչ է»:
ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենց ճնշման շնորհիվ ստեղծված այս հանցագործության: փասատահավաք խումբը 5 տարի պարտակմամբ է զբաղվել: «Այդ խումբն իր գործը արեց, եւ մեր ներկայացուցիչներն այնտեղ իրենց գործն արեցին, բացահայտեցին այդ պարտակման փաստերը:Ավելին չկարողացան անել, որովհետեւ Սերժ Սարգսյանը տեսնելով, ինչ խայտառակ ընթացք է այդ փաստահավաք խմբի աշխատանքը ձեռք բերում, ցրեց խումբը, բայց, միեւնույնն է, մենք տեր ենք, այս հանցագործությունները բացահայտելու ենք: ՀԱԿ-ը սա մշտապես պահելու է իր օրակարգում: Հանցագործությունների բացահայտում եւ զոհերի ծնողների ու վիրավորվածների փոխհատուցման խնդիրը պետք է պետականորեն լուծվի: Նախ եւ առաջ` բացահայտում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` փաստահավաք խմբին գործին նոր թափ տալու ցուցմանը, նա նշեց, որ դա «ձեւական բան էր, պարզվեց միակ նվաճումը, որ այդ առումով ունենք, այն է, որ ռեժիմը ընդունեց, որ մարտի մեկի էջը փակված չէ, մինչեւ այդ ասում էին` փակված է, ամեն ինչ պրծած է, որեւէ նոր հետաքննություն պետք չէ: «Ընդունեցին, որ փակված չէ, մարտի 1-ի էջը բաց է եւ որ պատասխան տվողներ դեռ պետք է լինեն: Այսքանը դեռ ունենք, բայց սա քիչ է: Մինչեւ բոլոր հանցագործները չկանգնեն դատարանի առջեւ, չենք հանգստանալու: Բնական է` ինչու նաեւ դա ընդամենը մի մանեվր էր Սերժ Սարգսյանի կողմից, որովհետեւ ինքն էլ շատ լավ հասկանում է ` եթե հրամանի շղթան բացահայտվի, հանցագործության մեղսակցությունը տանում է դեպի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան: Նրանք են հրամայել այս հանցագորոծությունը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` ավանդական հանրահավաքը նախապատրաստել էին, 30 օր առաջ էլ դիմել էին, բայց քանի որ ընդամենը մարտի 1-ից 3 օր առաջ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» դիմել են հանրահավաքի համար հենց նույն Մյասնիկյանի արձանի մոտ, ստացվում էր մի խաչաձեւում, բայց նաեւ երկու միջոցառում նույն գործի համար, որը բաժանելու էր ժողովրդին հատվածների, իսկ իրենց համար կարեւոր էր ժողովրդի միասնությունը: Այդ իսկ պատճառով էլ անմիջապես չեղյալ համարեցին հանրահավաքն ու երթը եւ կոչ արեցին ժողովրդին միանալ Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, սակայն իրենց համար դեռեւս ոչ պարզ պատճառներով այդ հանրահավաքը տեղի չի ունենա:




























