Երեւանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին եւ մեր համոզմունքը ցանկացած երեւույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության եւ քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երեւույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ եւ դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:

Դիմում ենք բոլորին՝ դրսեւորել փոխադարձ հարգանք եւ իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն:

Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաեւ այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն եւ խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից»:

Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը ոչ պատժել, ոչ էլ նկատողություն է արել ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին, ով անհարիր արտահայտություններ էր արել դասադուլ անող ուսանողների նկատմամբ: