15-ամյա Ս. Վ.-ի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավ-Արեւմտյան Ա 1 թաղամասի Անդրանիկի 14 հարկանի 48 շենքի բակում փետրվարի 28-ին անցորդները հայտնաբերել են 15-ամյա Ս. Վ.-ի դին: Նախնական տեղեկություններով` ինքնասպանություն գործած 15-ամյա Ս. Վ.-ն սիրել եւ ընկերություն է արել 30-ն անց տղամարդու հետ: Այս մասին էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր թիվ 174 դպրոցի փոխտնօրեն Անահիտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` աղջիկը թույլ սովորող աշակերտ է եղել, սակայն պարտաճանաչ հաճախել է դասերին, հանգիստ բնավորություն է ունեցել եւ նրա հետ կապված, երբեւէ խնդիրներ չեն առաջացել: «Բայց այդ օրը նա մի քիչ արտառոց վիճակում էր եկել դասի: Առաջին ժամին չի եղել, 2-րդ, 3-րդ ժամին եկել նստել է: 4-րդին ցանկացել է դուրս գալ, սակայն դռնապանը տեսել է եւ տարել է ֆիզկուլտուրայի դասին: Նա ֆիզկուլտուրայի համազգեստ բերած չի եղել, բայց մնացել է մինչեւ դասաժամի ավարտը: Զանգը տալուց հետո, եկեղեցու պատմության առարկայի դասն սկսելուց առաջ դուրս է եկել դպրոցից: Այդ ժամին 1-ին դասարանցիներն են դուրս եկել եւ նրանց հոսքի հետ հաջողացրել է դուրս գալ: Դրանից հետո նա շենք չի վերադարձել, պատահական մի շենքի բակում նրան մահացած են հայտնաբերել»,- պատմել էր Անահիտ Հակոբյանը: Ինչպես նաեւ մանրամասնել էր, որ այդ օրը անընդհատ իրեն տղա է զանգել անհանգստացրել:
Նույնիսկ հեռախոսն իր դասընկերուհին է վերցրել եւ խոսել: «Երբ շատ են զանգել, հեռախոսը դասղեկն էլ է վերցրել, սակայն տղան չի ներկայացել»,- ավելացրել էր փոխտնօրենը: Հարցին, թե դասընկերների հետ չի՞ կիսվել, թե ինչու են անհանգստացրել նա պատասխանել էր. «Ինչ-որ այդ տղային սիրել է: Դասընկերներն այդ տղային չեն ճանաչում, անունով չգիտեն, բայց դեմքով տեսել են: Ասում են, որ «օդնոկլասնիկի» կայքով են ծանոթացել: Դասընկերուհիների պատմելով նրանք հանդիպել, ընկերություն են արել: Տղայի տարիքից էլ միանշանակ տեղյակ չենք, բայց ասում են, որ նույնիսկ 30 տարեկան է: Առավոտը տանն էլ են դպրոցական աղջկա մոտ տարօրինակ բաներ նկատել: Նույնիսկ քույրը եւ մայրը, որ այսօր դեպքից հետո եկան դպրոց, ասացին, որ վերջն իր ասածն արեց»:




























