Սահմանադրական դատարան չենք դիմելու. պատճառն այն չէ, որ չունենք ընտրությունների զանգվածային կեղծման անհրաժեշտ ու ավելի քան բավարար ապացույցները, այլ այն, որ Հայաստանում արդարադատության համակարգ կոչվածն արդարադատության հետ նվազագույն առնչությունն անգամ չունի` մեռած է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Հայցադիմումը պատրաստ է, ապացույցներն ավելի քան համոզիչ, սակայն դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն: Ես տխուր փորձը ունեմ դեռեւս 2008թ. ի վեր, երբ ՀՀ ՍԴ հայց ներկայացրեցի, որով փորձում էի վերականգնել Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելու փաստացիորեն խլված իրավունքը: Այսօր արտերկրում մենք ունենք երկու տեսակի ՀՀ քաղաքացիներ` նրանց աննշան մի մասը կարող է մասնակցել ընտրություններին, իսկ մոտ 1.260.000 քաղաքացիներ էլ կամայականորեն զրկված են այդ հնարավորությունից»,- գրել է նա:
Մելիքյանը նշել է, թե «նախապես էր հայտարարել, որ ՀՀ իրավապահ ու դատական համակարգերին որեւէ հարցով չեմ դիմելու, քանի որ Հայաստանը իրավական պետություն չէ այսօր»: «Փետրվարի 18-ի «քվեարկությունը» ժողովրդին խաբելու այնչափ անամոթ եւ խայտառակ մի օրինակ էր, որ գայթակղություն առաջացրեց դատական կարգով վիճարկել դրա` իշխանության քմահաճույքով նկարված արդյունքները, սակայն սթափ վերլուծությունը ստիպեց հրաժարվել այդ մտքից. ՀՀ դատական համակարգին դիմելը կնշանակի, որ ճանաչում եմ այդ համակարգի` դատելու իրավունքն ու իրավասությունը, իսկ ես դա անել չեմ կարող, այդ իրավունքն այդ համակարգը չի վաստակել: Իմ թիմի այս որոշումը ամենեւին չի նշանակում, որ համակերպվել ենք այս իրավիճակի հետ` պարզապես այլ ուղիներ ենք տեսնում արդարություը հաստատելու համար»,- նշել է Մելիքյանը:




























