Տարեցտարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակարետի «Արմենիա» հյուրանոցի ամրագրման բաժնի պետ Սեւադա Հայրապետյանը: Նշենք, որ Արցախի մի քանի հյուրանոցներ այս օրերին ներկայացված են Երեւանում բացված CTS միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Ներկայում «Արմենիա» հյուրանոցն ունի 50% զբաղվածություն, ինչը, Ս. Հարությունյանի խոսքով, այս սեզոնի համար բավականին բարձր ցուցանիշ է: Զբոսաշրջային այցելությունների աճին նպաստում են գնային մատչելի առաջարկները` ստանդարտ սենյակում օրական 25-30 հազ. դրամը բարձրակարգ հյուրանոցի համար անհամեմատ ցածր է Երեւանում նմանատիպ հյուրանոցների գներից: Ս. Հարությունյանի խոսքով` բավական հաջող համագործակցում են նաեւ զբոսաշրջային գործակալությունների հետ:

Արցախ այցելող զբոսաշրջիկները պարտադիր այցելում են Գանձասարի վանք, մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ամարասն ու Դադիվանքը, հնարավոր է նաեւ Աղդամ, Իվանովկա (նախկին Խոջալու) եւ այլ շրջաններ այցելությունը: