Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության Գյումրիի բաժնի արդեն նախկին պետ  Վահան Դանիելյանի պաշտոնանկությունն ընտրությունների հետ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Վահան Դանիելյանը: Նա նշեց, որ ինքը զինվորական է եւ այսօր իրեն ազատել են վաղը կնշանակեն:

«Նման բան չգիտեմ, նման բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ ընտրությունների հետ»,- արձագանքեց Վահան Դանիելյանը:

Հարցին, թե առաջիկայում սպասե՞նք Ձեզ նոր պաշտոնում, նա արձագանքեց. «Ես 56 տարեկան եմ, կարող է գնում եմ հանգստի, թոշակի: Նախարարը որոշել է ինձ ազատել աշխատանքից, ազատել է: Վաղն էլ ուրիշ գործ կտա կամ չի տա, կորոշի ինքը, բայց ընտրությունների հետ իմ ազատումը ոչ մի կապ չունի»:

Ավելի վաղ տեղեկացրել  էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քիչ առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վահան Դանիելյանը: Վերջինս գրանցվել է կադրերի ռեզերվում: Նրա  փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը, ով ամիսներ առաջ ազատվել էր Երեւանի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից: