Այսօր` մարտի 1-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:
«ՕԵԿ-ի քաղխորհուրդը մեկ անգամ եւս վերահաստատել է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու եւ ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է.
1. «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երեւան քաղաքի ավագանու` մայիսի 5-ի ընտրություններին.
2. «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Քաղխորհուրդը քննարկել է նաեւ ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:




























