Պրահայում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը։

Դիվանագետները քննարկել են տրանսպորտային հաղորդակցման, ռուսական շուկա վրացական ապրանքների արտահանման եւ Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հարցեր։

Գրիգորի Կարասինի եւ Զուրաբ Աբաշիձեի միջեւ պայմանավորվածությունների համաձայն՝ բանակցություններին ներկա են եղել ամեն երկրից մեկական դիվանագետ, բայց նրանց անունները որոշվել էր չհրապարակել։

Զ. Աբաշիձեն տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը նշել են «առեւտրային հարաբերություններում արված որոշակի քայլերը, որոնք պետք է նպաստեն ռուսական շուկա վրացական արտադրանքի արտահանմանը»։ Զուգահեռ աշխատանք է տարվում նաեւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ։ 

Կարասինը լրագրողներին հայտնել է, որ վրացական կողմը շահագրգսռված է ՌԴ-ի վիզային ռեժիմի մեղմացման հարցում:

«Վերջին ժամանակներս մենք ընդլայնել ենք Վրաստանի քաղաքացիների ՌԴ այցելելու հնարավորությունները: Կմտածենք վիզային ռեժիմի հետագա մեղմացման մասին», - նշել է նա: Կարասինը նաեւ հավելել է, որ վրացական գինին եւ հանքային ջրերը ՌԴ վերադարձնելու աշխատանքը կշարունակվի:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` Կարասինի եւ Աբաշիձեի հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի վերջին: 

Ռուսաստանի եւ Վրաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Ժնեւում` նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին: Կողմերը պայմանավորվել էին հանդիպել երկու ամիսը մեկ անգամ:

Այժմ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Դրանք խզվել 2008թ., երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։