ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին խոսակցություններ եղել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով, քննարկումներ եղել են, սակայն արդյունքների մասին այս պահին ոչինչ չի կարող ասել:
Հարցին, թե իրեն որքանով է հոգեհարազատ մարզպետի պաշտոնը այն դեպքում, երբ ինքը ԱԱԾ պետի տեղակալն է, ասաց.«Ինչ կապ ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը: Դա այնքանով է կապված, որ ես արմատներով այդ տարածքից եմ: Բացի դրանից ժամանակին տարբեր քաղաքացիական աշխատանքներով եմ զբաղվել: 1996-1997թ-ին եղել եմ Ազգային անվտանգության Շիրակի մարզային վարչության պետը: Եկեք այսօր էլ ավել բան չասեմ»: Ցոլակյանը նաեւ փոխանցեց, որ ճիշտ է Երեւանում է բնակվում, բայց կապը պահում է Շիրակի մարզի բնակչության հետ: Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ մարզպետի պաշտոնը ուժային կառույցի ներկայացուցչի են առաջարկում, արձագանքեց. «Ուժային կառույցի ներկայացուցիչ լինելու հանգամանքը բացարձակ կապ չունի: Բայց, քանի դեռ ոչինչ վերջնական որոշված չէ զերծ կմնամ ուղղորդող այլ հարցերին պատասխանելուց»:




























