Մոսկվայի կենտրոնում միաժամանակ երկու երթ է տեղի ունենում։ Երեխաների պաշտպանության երթը, որը կազմակերպել է «Ռուս մայրեր» շարժումը ԱՄՆ-ում Ռուսաստանից որդեգրված երեխայի մահվան հետ կապված, նվագախմբի ուղեկցությամբ սկսվեց Գոգոլեւյան բուլվարից։ Ընդդիմադիր «Սոցիալական երթի» մասնակիցները շարժվեցին Պուշկինյան հրապարակից։ Երկու երթն էլ անցնում են Բուլվարային օղակով։

Երեխաների պաշտպանությանը նվիրված երթին, կազմակերպիչների գնահատականով մասնակցում է 8 հազար մարդ։ Նման տվյալներ է տալիս ՆԳՆ ԳՎ-ն։ «Սոցիալական երթին», «Ինտերֆաքսի» գնահատականով, մասնակցում է 600 մարդ։ «Սոցիալական երթի» կազմակերպիչ Սերգեյ Ուդալցովի (որը տնային կալանքի տակ է գտնվում) թվիթերում ասվում է, որ ակցիային մասնակցում է մոտ երեք հազար մարդ։

Երեխաների պաշտպանության երթին մյուսների շարքում մասնակցում են նաեւ «Միասնական Ռուսաստան»-ից Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակն ու կուսակցության գլխավոր խորհդի քարտուղար Սերգեյ Նեւերովը։ Մասնակիցներից շատերին շրջաններից ավտոբուսով են բերել։ Մասնակիցների շարքում ներկա են ազգայնական եւ ուղղափառ շարժումների ակտիվիստներ, հաղորդում է «Լենտա.Ռու»-ն։

«Սոցիալական երթին» եկել են հիմնականում ձախակողմյան շարժումների ակտիվիստներ, այդ թվում նաեւ՝ «Ձախ ճակատի» եւ «Աշխատավոր Ռուսաստանի»։ Մյուսների շարքում ակցիային մասնակցում է նաեւ Պետդումայի պատգամավոր «Արդար Ռուսաստանից» Իլյա Պոնամարյովը։

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», երեխաների պաշտպանության երթին ձերբակալվել են երկու ընդդիմադիր։ Նրանիցի մեկի խոսքով, ինքը բռնել էր պաստառ, որի վրա գրված էր «Սրիկաների երթ»։

Երթների ավարտին երկու ակցիաների մասնակիցներն էլ ցույց կանեն. մեկը տեղի կունենա Նովոպուշկինյան պուրակում, մյուսը՝ Սախարովի անվան պողոտայում։