Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը չի բավարարել դատախազության բողոքը, որում  Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները դադարեցնելու պահանջ կար։ Դատարանն անթույլատրելի է համարել նաեւ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռի վերաբերյալ դատախազության երկրորդ բողոքը,  համաձայն որի Գիգի Ուգուլավայի նկատմամբ խափանման միջոց չէր կիրառվել, հայտնում է «Գռուզիա Online»-ը։

Հիշեցնենք, Գիգի Ուգուլավային ուրիշի գույքի ապօրինի յուրացում եւ ապօրինի եկամուտների օրինականացում է վերագրվում։

Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել էր Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեկ միլիոն լարի գրավի դիմաց ազատել, ինչպես նաեւ դադարեցնել նրա լիազորությունները եւ արգելել երկրից բացակայելը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը դատախազության ոչ մի պահանջը չէր բավարարել։

Գիգի Ուգուլավայի գործով նախնական դատական նիստը նշանակված է ապրիլի 10-ին։