Դեղորայքի գները վերջին 1 տարում թանկացել են միջինը 3-5%-ով՝ փոխարժեքի եւ մատակարարների թանկացումների պատճառով: Այդ մասին Ծաղկաձորում ընթացող սեմինարի ժամանակ հայտարարեց «Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կան դեղեր, որ նաեւ էժանացել են: Բոլոր դեպքերում, ըստ Ա. Գրիգորյանի, թանկացումները համարժեք են ինքնարժեքի թանկացումներին:
«Էսկուլապ» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանն էլ ասաց, որ առաջիկայում որոշ դեղեր էլի կթանկանան, քանի որ մատակարարներն արդեն նոր պայմանագրեր են առաջարկում, որոշ դեպքերում՝ 15-20%-ով ավելի թանկ: Այսպես՝ բավական հայտնի «Բրոնխոլիտ» դեղը ներկայում վաճառվում է 640 դրամով, այնինչ մատակարարի թանկացումից հետո ինքնարժեքն արդեն կկազմի 900 դրամ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հավելեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է մոտ 20 անուն դեղերի շուկայական վարքագիծը եւ արձանագրել է գնային փոփոխություններ: Ըստ Ա. Շաբոյանի՝ ներկայում ուսումնասիրվում է, թե որքանո՞վ թանկացումները հիմնավոր են եւ համարժեք ինքնարժեքի բարձրացմանը:



























