ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել: Նա նշել է. «Եւս մեկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց հետո մասնագետներն արձանագրեցին, որ դեպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․Մեկ է, ես վերականգնուելու եմ։ Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպես միահամուռ դավաճանեցիք․․․Նայեք ձեր այսօրվա պահվածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբաղված եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պե՞տք են մարդկությանը․․․ Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալյանի «Տեր, կեցցո դու զհայս»-ը։ Հիմա չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թվում։ Տեր, դու ասել ես՝ սիրիր մերձավորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպե՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձավոր համարել։ Ուժ եւ իմաստություն տուր ինձ, Տեր․․․»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ օրերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























