Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն արագացված քայլերով ստեղծելու մեր երազած Հայաստան պետությունը: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն արագացված քայլերով ստեղծելու մեր երազած Հայաստան պետությունը: Սակայն շատ եմ կարեւորում այս ընթացքում չկրկնել նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները: Հույս ունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այս անգամ հնարավորինս քիչ սխալներով միասին կհասնենք մեր նպատակին»,- նշել է Սեֆիլյանը:

«Շատ ենք լսել «խելոք» վերլուծաբաններից, թե պետք չէ մեր երկրում անկայունություն ստեղծել, քանի որ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք եւ այլն, եւ այլն: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ լոլոներն իրենց գլխին կարդան: Մենք այլեւս ժամանակ չունենք: Եթե լսենք այդ գործակալներին, ոչ թե Արցախն ենք կորցնելու, այլ ամբողջ Հայաստանը: Մեզ չեն կարողանալու կանգնեցնել, կա նաեւ տարբերություն նախորդ տարբերություն: 2008-ին նրանց հաջողվեց սեպ խրել Արցախի եւ Հայաստանի բնակչության միջեւ; Այս անգամ դա չի հաջողվելու»,- արձանագրել է Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը նշեց, որ հաղթանակի համար կարեւոր նախապայման է նաեւ ինքնամաքրումը, եւ ոչ մի կասկածելի գործչի չեն թողնելու բարձրանա բեմ: