Մոսկվայի իրավապահ մարմինները պարզել են, թե իրականում ով է եղել Մոսկվայում սպանված տղամարդը, ում մոտ հայտնաբերվել էր Ինգուշեթիայի աշխատանքի նախկին նախարար Ալիխան Ձեյտովի անվամբ անձնագիր: Մարտի 1-ի երեկոյան Միչուրինի պողոտայում սպանվել էր քրեական հեղինակություն Շամադ Բիսուլթանովի եղբայր 50-ամյա Ամիրբեկ Բիսուլթանովը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնի էր դարձել, որ Բիսուլթանովը Մոսկվա էր ժամանել Սիզրանիից` կեղծ փաստաթղթերով: Կայարանում Բիսուլթանովին դիմավորել էր ընկերը` «Պորշ Կայեն» մեքենայով: Հենց այդ մեքենայում էլ սպանվել էր Բիսուլթանովը:
Բիսուլթանով եղբայրների քրեական կենսագրությունն սկսվել է 80-ականներից: Սկզբում Ամիրբեկի կրտսեր եղբայր Շամադն աշխատել է Տոլյատիի քրեական հետախուզությունում, սակայն հետո հանցախումբ է ձեւավորել: Բիսուլթանովներին սատարել են Ասլան Մասխադովը եւ Շամիլ Բասայեւը: Չեչենների հիմնական թիրախը եղել է «ԱվտոՎԱԶ»-ը: Սակայն վերջին ժամանակներս Ամիրբեկը Տոլյատիում հաճախ չի եղել: Այնպես որ նրա սպանության դրդապատճառները դեռ անհայտ են: Հրատարակչությունը եզրակացնում է, որ հնարավոր է Բիսուլթանովը ներգրավվել էր քրեական աշխարհի արքա Ասլան Ուսոյանի սպանությունից հետո կլանների միջեւ ծագած պայքարին:
«Ռոսբալտը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, հայտնում է, որ Ամիրբեկ Բիսուլթանովը ռուսական Forbes ամսագրի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության գործի գլխավոր մասնակիցն է եղել: Նա լրագրողի սպանության մեջ մեղադրվող «Լազանի» հանցախմբի առաջնորդ Խոժ Ահմեդ Նուխայեւի մտերիմ ընկերն է եղել:
Պոլ Խլեբնիկովի սպանության գործի հետաքննության ընթացքում Բիսուլթանովին հարցաքննության կանչելու բոլոր փորձերն անհաջող են անցել: Ամիրբեկ Բիսուլթանովին կարողացել են գտնել Խլեբնիկովի գործի մեղադրյալի փաստաբանները:
Բիսուլթանովների սպանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվայի ՆԳԳՎ-ի նախկին աշխատակից Դմիտրի Պավլյուչենկովը ցուցմունք էր տվել, որ Խլեբնիկովին հետպնդմանը մասնակցել էին Բիսուլթանովի խմբավորման երկու անդամներ:
Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՔԿ-ի վարկածի` Նուխայեւը պատվիրել էր Խլեբնիկովի սպանությունը, քանի որ դժգոհ էր վերջինիս «Զրույց բարբարոսի հետ» գրքից, որտեղ Խոջ Ահմեդը ներկայացված էր որպես հանցագործ: Նուխայեւը եւ Բիսուլթանովն ընկերներ են եղել:




























