Պետերբուրգում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են իսլամական ծայրահեղական արգելված կազմակերպության տասը ակտիվիստների:

ԱԴԾ-ի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ ձերբակալվածներից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են, չորսը` Ադրբեջանի, մեկը` Տաջիկստանի: 

Նրանք բոլորը իսլամական «Նուրջուլար» արգելված կազմակերպության անդամներ են: Խուզարկության ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալվածներից առգրավել են  թուրքերեն եւ ռուսերեն ծայրահեղական եւ իսլամիստական գրականություն:

«Նուրջուլար» ծայրահեղական կազմակեպություն էր ճանաչվել 2008թ. ապրիլի 10-ին` Գերագույն դատարանի որոշմամբ, գրում է fontanka.ru-ն: Ռուսաստանի տարածքում  այդ անվանմամբ կազմակերպություն երբեք գրանցված չի եղել, սակայն նրա կողմնակիցներից են  թուրք աստվածաբան Սայիդ Նուրսիի գաղափարներին հետեւողները:

Ըստ իրավապահ մարմինների` առավել վտանգավոր էին «Նուրջուլար» կազմակերպության այն հետեւորդները, որոնք սերտ կապեր ունեին Թուրքիայում ծայրահեղական տրամադրված իսլամական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց կասկածումն էին չեչենների գործողությունների ժամանակ գրոհայիններին ֆինանսավորելու մեջ: