Ներկայումս Ֆրանսիայում բնակվող Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաեւը նոր մեղադրանքներ է ուղղել ալիեւյան կլանին:
Նա պատմել է իր վերջին տեսանյութի մանրամասները, որտեղ զրուցում էր նախագահական թիկնազորի ներկայացուցիչների հետ, հայտնում է contact.az-ը՝ վկայակոչելով haqqin.az-ին:
«Մարդկանց առեւանգմամբ զբաղվող մահվան էսկադրոնի՝ կազմակերպված հանցախմբի անդամներն օգտագործում են պետության հնարավորությունները: Դա հաստատում են գեներալ Վագիֆ Ախունդովի ենթակա հատուկ պահակազորի ծառայության պետի մասնակցությամբ վերջին տեսագրությունները: Հասկանալի է, որ առանց Ռամիզ Մեհթիեւի եւ Վագիֆ Ախունդովի գիտության թիկնազորի աշխատակիցը չէր կարող ինձ այցելել», - ադրբեջանական լրատվամիջոցներին է հայտնել Էլշադ Աբդուլայեւը:
Նա նաեւ պատմել է երկրորդ այցելուի մասին. «Երկրորդը Նաթիկն էր, որը Գեյչայից է, նույնպես Վագիֆ Ախունդովի աշխատակից, գնդապետ, նախկինում եղել է Նամիկ Աբբասովի օգնականը, իր պաշտոնավարման ժամանակ` ԱԱՆ-ի նախագահ: Խմբի եւս մեկ մասնակից`Սահիբը, ԱԱՆ-ի 7-րդ վարչության աշխատակից է եղել` ծնունդով Ջալիլաբադից: Խմբավորման մյուս անդամ Յասիրը նախիջեւանցի է` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՆԳՆ-ի մայոր, որը վերահսկում է գումարային հարցերը մարդկանց առեւանգման ժամանակ: Իսկ Շահին Ջալիլաբադցին «պետական օրենքով գող է», մարդասպան, ապրում է Ջալիլաբադում` դպրոցի դիմաց: Նրանք բոլորն անօրինական զենք են կրում: Հանցախումբը համագործակցում է ներկայումս ձերբակալված Արզու Քյազիմովի հետ: Նրանք միասին մի քանի անգամ կազմակերպել են իմ հեռախոսազրույցները Մահիրի հետ: Այդ զրույցներից հետո ես նամակով դիմել եմ ՆԳՆ-ի նախարար Ռամիլ Ուսուբովին եւ նրա տեղակալ Զահիդ Դունյամալիեւին: Դրանից հետո թիկնազորի աշխատակիցները երկար ժամանակով անհետացան, նույնիսկ նրանց հետքը կորավ», - ռեկտորի խոսքերն են մեջբերում ադրբեջանական անկախ ռեսուրսները, նշելով, որ Էլշադ Աբդուլաեւը նախկինում էլ էր հայտարարել Ադրբեջանում մահվան էսկադրոնների գոյության մասին:




























