Օմբուդսմենի  2012 թվականի  զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի` մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչեւ մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:

 Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները:

•           2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների եւ կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:

•           Առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները առհասարակ չեն տեղեկացվել իրենց զինվորական ծառայության հակացուցված ձեւերի մասին:

•           ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, որը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:

•           Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել եւ կատարել:

•           Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր:

•           ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:

•           Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

•           Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման մի շարք դեպքեր:

•           Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները սահմանված կարգով չեն տրամադրվել անձանց:

•           ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:

Արձանագրված դրական զարգացումները

•          2012 թվականին ընդունվել է «Հայաuտանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը:

•          Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:

•          Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների եւ կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ եւ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ:

•          2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում։