Փետրվարի 25-ից սկսած դասադուլի կոչերով բողոքի ակցիան շարունակվել է նաեւ այսօր` մարտի 4-ին: Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առաջ մի խումբ երիտասարդներ հավաքվել են եւ պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականը:

Երիտասարդները այսօր բողոքի ակցիա կանցկացնեն նաեւ Սահմանադրական դատարանի առաջ, որտեղ ժամը 17.30-ին դիմումը կհանձնեն Րաֆֆի Հովահննիսյանի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից մի խումբ երիտասարդներ Երեւանում գտնվող համալսարանների առաջ ակցիաներ են անցկացնում` այդպիսով իրենց բողոքը արտահայտելով նախագահական ընտրությունների արդյունքներից: Նրանք կոչ են անում ուսանողներին դասադուլ անել: Փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոանական մասնաշենքի մոտ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել: ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը դասադուլավորների՝ «Մենք ձեզ սիրում ենք» կոչին պատասխանել է. «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Նա նաեւ նշել է, թե «Զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ»: Դրանից բացի երիտասարդներից մեկը, դիմելով դասադուլավորներին, բղավել է «սիկտիր»: Համալսարանի ղեկավարությունը ոչ պատժել, ոչ էլ նկատողություն է արել ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին, ինչը երիտասարդների վրդովմունքն է առաջացրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am